Շաբաթ, 18.05.2024, 10:38
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Ֆրունզե Մկրտչյանն այսօր 83 տարեկան կդառնար
21:03
Ֆրունզե Մկրտչյանն այսօր 83 տարեկան կդառնար

Այսօր թատրոնի եւ կինոյի հանրահայտ դերասան, Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե (Մհեր) Մկրտչյանի ծննդյան օրն է: Վարպետն այսօր կդառնար 83 տարեկան:
Մ.Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին, Լենինականում (ներկայում՝ Գյումրի), աշխատավորի բազմազավակ ընտանիքում: Դերասանը երկու անուն ուներ. Մհեր (այսպես նրան կոչում էին տանը) եւ պաշտոնական անունը՝ Ֆրունզե, որը նա ստացել է քաղաքացիական պատերազմի հայտնի հերոսի պատվին:
 
Մանկությունից Մ.Մկրտչյանը հրաշալի նկարում էր, սակայն երազում էր դերասանի մասնագիտության մասին: 15 տարեկանից նա աշխատել է որպես Լենինականի տեքստիլի ֆաբրիկայի ակումբի կինոմեխանիկի օգնական, ազատ ժամանակ մասնակցել սիրողական թատրոնի փորձերին:
1947 թվականին նա ավարտել է դպրոցը եւ սկսել աշխատել գործարանում, բայց թատրոնի մասին երազանքից չի հրաժարվել: 1951-56 թվականներին Մ.Մկրտչյանը սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոն:
Կյանքի վերջին տարիներին Մկրտչյանը հրաժարվել էր կինոյում դերերից՝ ամբողջ ուժերը կենտրոնացնելով սեփական թատրոնի ստեղծման աշխատանքների ուղղությամբ: Որպես թատերական ռեժիսոր նա ներկայացումներ էր բեմադրում ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:
 
Մ.Մկրտչյանի կինոդեբյուտը 1955 թվականին էր, «Հասցեատիրոջ որոնումները» կոմեդիայում: Գեորգի Դանելիայի «Երեսուներեք», Ռոլան Բիկովի «Այբոլիտ 66», Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմերում դերերը նրան դարձրեցին Խորհրդային Միության առաջատար երգիծական դերասաններից մեկը: Նա հայտնի է նաեւ Գեորգի Դանելիայի «Միմինո» (1977), Դմիտրի Քյոսայանցի  «Զինվորն ու փիղը» (1977), Սամսոն Սամսոնովի «Միայնակ պատկերանում է հանրակացարանը» (1983) եւ այլ ֆիլմերում դերերով:
 
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին, Երեւանի իր բնակարանում: Նրա աճյունը հողին է հանձնվել Երեւանի Պանթեոնում:

Դիտումներ: 416 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: