Բիզնես սկսելն անիրական երազանք չէ և ոչ էլ վիճակված է միայն ընտրյալներին: Հաջողակ բիզնեսմեններն իրենց հաջողություններն ավելի գունեղ դարձնելու համար երբեմն ասքեր են հյուսում իրենց գործողությունների մասին, այնպես որ, մենք սկսում ենք մտածել` նրանք գերբնական ուժ ունեն: Իրականում բիզնես սկսողներն ու բիզնեսում հաջողակներն էլ ունեն ընդհանուր բանաձևեր. նրանք ունեն բնավորության որոշակի գծեր և որոշակի կողմնորոշումներ:
Cosmo-ն վստահ է, որ դու սկզբունքային և նպատակասլաց ես, ուրեմն` արի միասին սկսենք քո բիզնես գաղափարի փնտրտուքը...

Բիզնես սկսելուց առաջ...

Բիզնեսը հնարավորություն կտա քեզ իրականություն դարձնել գաղափարներդ, ազատություն տալ երևակայությանդ: Դու միշտ երազել ես ազատ լինել քո որոշումներում, աշխատել լավ թիմով և սեփական չափանիշներով քեզ գործընկերներ ընտրել, աշխատել այնքան ժամանակ, ինչքան սիրտդ է ուզում և հնարավորություններդ են ներում: Իսկ ա՛յ, ուշ զարթնելու համար դու պատրաստ ես անել անգամ ԱՎԵԼԻՆ... 
Շուտափույթ որոշումներ մի՛ ընդունիր բիզնես սկսելուց առաջ, դու պետք է մի լավ ծանրութեթև անես: Նախ` սկզբում հասկացիր, թե ինչն է քեզ դուր գալիս, ինչով առանց հոգնելու կարող ես զբաղվել մի ամբողջ օր: Մտածի՛ր այնպիսի բիզնեսի մասին, որը կհամապաստասխանի քո հնարավորություններին, քո բնավորությանն ու ապրելակերպին, և ամենակարևորը` հաճույք կպատճառի քեզ:

Բիզնես տարբերակներ...

cosmo աղջկա համար իդեալական բիզնես տարբերակ է փոքրիկ գեղեցկության սրահ բացելը, որտեղ հնարավոր կլինի հաճելին և օգտակարը համատեղել: Դու ամեն օր կլինես և՛ խնամված, և՛ գումարներ կաշխատես: Միգուցե դու ունես գեղեցկության քո գաղտնիքները, որոնք ոչ մեկի մոտ չես հանդիպել. ինչո՞ւ դրանք չվաճառել:

Եթե սիրում ես ծաղիկներ, հատկապես ձևավորել դրանք և ունես խենթ երևակայություն, ուրեմն ծաղկի սրահ բացելը տեղին կլինի հենց քո համար: Սրահի արտասովոր անվանումն ու դիզայնը, քո չկրկնվող և խենթ երևակայությամբ ձևավորվող ծաղիկները կարող են կայուն եկամուտներ ապահովել:

Արդեն հոգնել ես անիմաստ ժամանակ ծախսել համացացում, մտածում ես` ինչ բիզնես գաղափար է պետք, որն իրագործելի լինի համացանցի տիրույթում. ահա թե ինչ է քեզ առաջարկում մասնագետը՝ բացիր քո կայքը, որտեղ կգրես, թե ինչ օծանելիք ես դու օգտագործում, ինչ զարդեր ես կրում, որտեղից ես հագուստ գնում: Համոզված եղի՛ր, որ կգտնվեն քեզ պես շատ աղջիկներ, որոնց դա կհետաքրքրի: Նրանք կդառնան քո մշտական այցելուները: Հետո կսկսես քո կայքում զարդեր վաճառել, շարֆեր կամ օծանելիք:

Միշտ էլ լեզուների տիրապետելը դիտվել է որպես առավելություն: Եթե դու մի քանի լեզուների ես սահուն տիրապետում, ապա հիմնիր լեզուների քո ուսումնական կենտրոնը և դասընթացներ կազմակերպիր: 
Սիրո՞ւմ ես գրականությունը, պոեզիան քո աշխարհն է, ուրեմն կարող ես փոքրիկ գրախանութ հիմնել, սկբզում վաճառել քո և ընկերներիդ գրքերը: Հետո, երբ արդեն որոշակի գումարներ կաշխատես, կարող ես այլ հեղինակների ևս ներգրավել քո գրադարանային գործունեության մեջ:

Մի քիչ ավելի էքստրիմալ բիզնեսներ...

Գեղեցիկ ձայն ունես և ամեն պահ հազարատներդ ու ընկերներդ հիշեցնում են դա քեզ, իսկ երբևէ մտածե՞լ ես աուդիոգրքեր ձայնագրել և վաճառել:

Քո սենյակում բազում նկարներ կան, դպրոցական տարիներին դու էիր նկարազարդում դպրոցի միջոցառումների պաստառները: Գուցե մտածես նաև ամսագրերի համար կոմիքսներ նկարելու մասին: Ա~յ, քեզ հետաքրքիր զբաղմունք:

Եթե գեղեցիկ և խենթ ընկերուհիներ ունես, ավոտլվացման կետ բացիր, որտեղ բոլոր աշխատողները աղջիկներ կլինեն... 

Բիզնես տարբերակները կարող են շատ լինել, սակայն, մինչև այն սկսելը գնահատիր քո հնարավորություններն ու արտաքին ռիսկերը, ուսումնասիրի՛ տվյալ բիզնեսի հայաստանյան և արտասահմանյան շուկան:

ՀԳ - Հիշի՛ր, բիզնես սկելու համար վճռականություն է պետք, ուժերի գերլարում, նորարար և խենթ լինելու զգացողություն: Հաջողությո՛ւն ձեր նորաթուխ բիզնեսին...